Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների 2024 թվականի ուսման վարձավճարների նկատմանբ զեղչեր սահմանելու մասին /Վարձավճարները սահմանվել են Դիլիջան համայնքի ավագանու 01.12.2023թ․ թիվ 530-Ն որոշումով/։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների ուսման վարձավճարների նկատմամբ 2024 թվականի համար սահմանել զեղչեր`
1) Միաժամանակ երկու բաժին հաճախող երեխաների համար երկրորդ մասնագիտության համար սահմանել զեղչ՝ ուսման վարձավճարի 30% -ի չափով,
2) Միակողմանի ծնողազուրկ երեխաների համար, ինչպես նաև միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում սահմանել զեղչ` ուսման վարձավճարի 50 %-ի չափով,
3) Երկկողմանի ծնողազուրկ, պատերազմական գործողությունների ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների և /կամ/ ազատամարտիկների երեխաներին ազատել ուսման վարձավճարից,
4) Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին ազատել ուսման վարձավճարից։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։