Դիլիջանի զարգացման երկարժամկետ ներդրումային ծրագրերի շրջանակներում <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը մոտ 100 մլն ՀՀ դրամ արժողությամբ <<Այգի և հանգստի գոտի Դիլիջանում>> անվանմամբ նոր ներդրումային ծրագիր է ներկայացրել Դիլիջանի համայնքի ղեկավարին: Ընկերությունը նախատեսում է ծրագիրն իրականացնել Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/1, 23/2, 23/3, 23/4, 23/5, 23/6 և 23/7 հասցեների 10.67հա ընդհանուր մակերեսով տարածքում՝ նշված հասցեներով հողամասերի վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք բերելուց հետո: Ներկայացված ծրագրով նախատեսվում է փոքր ճարտարապետական ձևերի կիրառմամբ, լանդշաֆտային ճարտարապետության համաշխարհային փորձի կիրառմամբ տարածքը վերածել համայնքի բնակիչների, այցելուների և զբոսաշրջիկների ակտիվ և պասիվ հանգստի, ժամանցի և սպորտային կյանքի կազմակերպման, էկոտուրիզմի միջազգային չափանիշներին համապատասխան վայր: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված <<Այգի և հանգստի գոտի Դիլիջանում>> ծրագրին: 2. Համաձայնություն տալ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/2, 23/5, 23/6 և 23/7 հասցեների 6.67հա ընդհանուր մակերեսով հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունքները այլ անձի փոխանցելու /օտարելու/ հարցին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |