Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով և հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված և պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, կին, երեխա) 2025 թվականի համար սահմանել արտոնություն՝ տեղական տուրքերի և վճարների նկատմամբ կիրառել զրոյական դրույքաչափ և ազատել տեղական տուրքերի և վճարների վճարումից:
2. «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների ուսման վարձավճարների նկատմամբ 2025 թվականի համար սահմանել արտոնություն`
1) Միաժամանակ երկու բաժին հաճախող երեխաների համար երկրորդ մասնագիտության համար՝ ուսման վարձավճարի 30% -ի չափով,
2) Միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում յուրաքանչյուր երկրորդ և հաջորդ երեխաների համար՝ ուսման վարձավճարի 50 %-ի չափով,
3) Միակողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ ուսման վարձավճարի 50 %-ի չափով,
4) Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին ազատել ուսման վարձավճարից,
5) Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին ազատել ուսման վարձավճարից։
3. Դիլիջանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների ուսման վարձավճարների նկատմամբ 2025 թվականի համար սահմանել արտոնություն`
1) Միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում յուրաքանչյուր երկրորդ և հաջորդ երեխաների համար՝ ուսման վարձավճարի 50 %-ի չափով,
2) Միակողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ ուսման վարձավճարի 50 %-ի չափով,
3) Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին ազատել ուսման վարձավճարից,
4) Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին ազատել ուսման վարձավճարից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տարածվում 2025 թվականի հունվարի 1-ից առաջացած հարաբերությունների վրա։ |