Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2016թ. Հանրապետության 9 քաղաքներում տարածքների հավասարաչափ զարգացման ծրագրեր են սկսվում |  Տարածքների հավասարաչափ զարգացման սկզբունքներից ելնելով` ՀՀ 9 քաղաքներում սկսվում են խոշորածավալ ծրագրեր, որոնցից առաջին հինգում արդեն սկիզբը դրվել է: Ջերմուկում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա տեղեկացրեց, որ դա շուրջ 50 մլն դոլար վարկային ռեսուրս է պարունակում, որը տրամադրվում է Ասիական բանկի կողմից. «Ծրագրի առաջին փուլում ընդգրկված են Վանաձոր քաղաքը՝ 20 մլն դոլարի չափով, Ջերմուկը՝ 10 մլն դոլարի չափով, Դիլիջանը՝ 6 մլն դոլարի չափով, Աշտարակը՝ 4 մլն դոլարի չափով, և Ծաղկաձորը, որը 10 մլն դոլարի չափով վարկային ծրագիր է ստանալու։ Ծրագրին պետք է մասնակից դառնա նաև մասնավոր հատվածը և մենք ենթադրում ենք, որ այդ գումարը առնվազն կկրկնապատկվի»: Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի իր շարունակությունը և դրա իրականացման երկրորդ փուլում միանալու են ևս չորս քաղաքներ, այդ թվում՝ Գյումրին, իսկ ամբողջական ցանկը կհրապարակվի առաջիկայում. «Նախարարությանը Ռուսաստանի կողմից հատկացվել է 3 մլն դոլար դրամաշնորհային ծրագրով գյուղական տուրիզմի զարգացման համար։ Այն ընդգրկելու է շուրջ 60 գյուղական բնակավայր: Դրանցից մեկն էլ Արփի լճի հարակից տարածքում ամառային և ձմեռային տուրիզմի կենտրոն ստեղծելու ծրագիրն է, իսկ մյուս ցանկը կհրապարակվի առաջիկա երկու ամսվա ընթացքում»: հղումը՝ http://www.slaq.am/arm/news/1145781/ |
|
|