Նոյեմբերի 10-ին տոնական տրամադրություն էր տիրում թիվ 4 դպրոցում: Կայացավ բակային ժամանակակից՝ «Street Workout» մարզաձևի հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը:
Մարզահրապարակը կահավորվել է մարզաձևի հայաստանյան կազմակերպության միջոցներով, տեղադրվել են համապատասխան մարզական գործիքներ՝ ստեղծվելով բոլոր պայմանները ժամանակակից բակային այդ մարզաձևի զարգացման համար:
Հանդիսավոր բացմանը մասնակցում էին Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մակարյանը, «Street Workout» կազմակերպության խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը և նրանց էլ վերապահված էր բացման խորհրդանշական արարողության իրականացման պատիվը: Միջոցառմանը ներկա էին համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ և ծնողներ: Դիլիջան էին ժամանել նաև «Street Workout» -ի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը և մարզաձևի հանրապետության հավաքականի մարզիկները:
Միջոցառմանը ելույթներ ունեցան և քաղաքում սպորտի մասսայականացման գործում նոր մարզաձևի ներդրումը կարևորեցին դպրոցի տնօրեն Էրիկա Սևանյանը, Դիլիջան համայնքի ղեկավարի մամլո քարտուղար Ալբերտ Սիմոնյանը, վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը: Բանախոսները նաև իրենց երախտագիտությունը հայտնեցին «Street Workout» կազմակերպությանը, անձամբ նրա խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանին, քաղաքի մարզական ոլորտի զարգացմանը նման աջակցություն ցուցաբերելու համար:
«Street Workout» կազմակերպության խորհրդի նախագահի ելույթին հաջորդեցին մարզաձևի հայաստանյան հավաքականի ատլետների ելույթները, որոնք բարձր պրոֆեսիոնալիզմով ցուցադրեցին մարզաձևը:
Մարզական ելույթ ունեցավ Դիլիջանի նորաստեղծ թիմը, որից հետո իրենց մարզական հմտությունները ցուցադրեցին նաև պատանի կարատեիստները:
Միջոցառումը զուգորդվում էր գեղարվեստի դպրոցի պարի խմբի գեղեցիկ կատարումներով:
Միջոցառումը եզրափակվեց մանկապատանեկան մարզադպրոցի սաների մինի ֆուտբոլի մրցույթով: