Դիլիջանի զարգացման հիմնադրամի և Երևանի Եվրոպական ուսանողների ֆորում ասոցիացիա հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Դիլիջանում հիմնվեց Եվրաակումբ, որի բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը՝ ազդարարելով Դիլիջանում Եվրաակումբի բացումը:
Ակումբի հիմնական նպատակն է իրազեկել Հայաստանի երիտասարդներին Եվրոպական Միության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին, ինչպես նաև երկարաժամկետ համագործակցության հարթակ ստեղծել ու համատեղ ծրագրեր իրականացնել մարզային հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների հետ։ Ծրագիրն ուղղված է երիտասարդներին։
Թեմատիկ նիստի ընթացքում քննարկվեցին կոնկրետ ծրագրեր: Եվրամիության կողմից հայ երիտասարդներին տրվող ֆինանսավորման հնարավորությունների մասին պարզաբանումներով հանդես եկավ Արմենակ Մինասյանցը, իսկ Դիլիջանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Գեղամ Թովմասյանը ներկայացրեց Դիլիջանի զարգացման ծրագրի առաջին փուլը:
Միջոցառմանը ներկաների հարցերին պատասխանեցին և ակումբների գործունեության խնդիրների վերաբերյալ պարզաբանումներով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը և «Եվրաակումբներ Հայաստանի մարզերում» ծրագրի համակարգող Անի Խաչատրյանը:
Միջոցառմանը մասնակցում էին Դիլիջանի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, Դիլիջանի զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն Արթուր Դավթյանը, Դիլիջանի համայնքային զարգացման կենտրոնի ղեկավար Ռուբինա Տեր Մարտիրոսյանը, հկ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հավելենք, որ Եվրաակումբներ արդեն իսկ գործում են Գորիսում, Եղեգնաձորում և Երևանում: Մոտ ապագայում նմանատիպ ակումբներ բացվելու են նաև ՀՀ մյուս մարզերում: