Դիլիջանի համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին , «Թռչող ջայլամ» ռեստորանային համալիրում կայացավ համայնքի մերզասեր հասարակայնության հանդիպումը հունահռոմեական ոճի ըմբիշներ, Ռիո-2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի և օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի հետ:
Նրանց հետ էին նաև վաստակաշատ մարզիչները՝ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը:
Դիլիջան համայքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը ջերմորեն ողջունելով փառապանծ մարզիկներին, հրապարակեց համայնքի ավագանու որոշումը, որով Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը արժանացել են Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչման և պարգևատրվել քաղաքապետարանի ոսկե մեդալով: Համայնքապետարանի ոսկե մեդալով պարգևատրվեցին նաև մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը:
Համայնքի ղեկավարը հանձնելով պարգևները, մաղթեց հետագա նոր հաջողություններ համաշխարհային սպորտի ասպարեզում:
Անվանի մարզիկներին իրենց ողջույնի խոսքը հղեցին վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը և քաղաքի կրթական հաստատությունների սաները:
Հանդիպումը ջերմ էր ու սրտառուչ: Աշխարհահռչակ մարզիկները սիրով պատասխանեցին ներկաների հարցերին, իսկ հրաժեշտից առաջ լուսանկարվեցին, որպես օրվա անմոռաց հիշողություն:
Մինչ հանդիպումը, պատվավոր հյուրերը այցելել էին նաև Դիլիջանի միջազգային քոլեջ, հանդիպել սովորողների հետ: