Սիրելի ուսուցիչներ, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Այս գեղեցիկ տոնը ևս մի առիթ է՝ կրկին մեր երախտագիտությունն արտահայտելու ձեզ, այն անգնահատելի աշխատանքի համար, որ իրականացնում եք մեր մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում:
Մենք հպարտանում ենք, որ մեր քաղաքի մանկավարժական կոլեկտիվները պատվով են կատարում իրենց առաքելությունը և մեծ հարգանք են վայելում հասարակության մեջ:
Շնորհակալ ենք ձեր նվիրվածության և արգասաբեր աշխատանքի համար:
Այս տոնական օրը շնորհավորելով դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին, հարկ եմ համարում միաժամանակ նշել, որ դպրոցների հետ կապված խնդիրները մեր առաջնահերթություններից են, և համայնքապետարանը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում ըստ ամենայնի նպաստելու քաղաքի կրթամշակութային հաստատություններում համայնքին նոր միացված բնակավայրերի դպրոցականների ակտիվ ներգրավման համար:
Սիրելի ուսուցիչներ, մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք ոչ միայն լիարժեքորեն օգտագործել Դիլիջանում ստեղծված կրթական մեծ հնարավորությունները, այլև պատվով կրենք արդեն միջազգային կրթական ոլորտում հաստատվող քաղաքի անունը:
Արդեն միջազգային ասպարեզում ճանաչման արժանացած Դիլիջանի միջազգային քոլեջը, որտեղ ուսանում են աշխարհի 72 երկրներից 207 սովորողներ, հնարավորություն է ստեղծում հարազատ քաղաքում ստանալ ամենաբարձր չափանիշներին համապատասխան կրթություն և ուսումը շարունակել աշխարհի ամենահեղինակավոր ԲՈւՀ-երում: Արդեն մի քանի տարի է, որ մեր քաղաքում գործում են հանրապետությունում եզակիներից համարվող Կենտրոնական դպրոցն ու «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը, որոնցում սովորում և իրենց ստեղծագործական կարողություններն են զարգացնում մեր հարյուրավոր դպրոցականներ ու երիտասարդներ:
Մենք համոզված ենք, որ քաղաքի զարգացման այս կարևոր փուլում ևս դուք ձեր արժանի ներդրումն եք ունենալու:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթելով անձնական երջանկություն և նորանոր հաջողություններ ձեր անչափ շնորհակալ աշխատանքում: