Սեպտեմբերի 25-ին քաղաքի օրվա տոնակատարությունը կատարվեց արդեն ավանդական դարձած «Մշակութային վերածնունդ» գորգագործության և կիրառական արվեստի հանրապետական փառատոնի համակցությամբ:
Քաղաքային հրապարակում տեղադրված գեղեցիկ տաղավարներում ցուցադրվում էին հանրապետության մարզերի և Արցախի հայկական գորգերն ու կարպետները, հայ ոսկեձեռիկ վարպետների ձեռքի աշխատանքները: Ներկայացված էր նաև հայտնի «Մեգերյան կարպետը»:
Ներկաներին տոնի առթիվ շնորհավորեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանի համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը:
Բանախոսները իրենց ելույթներում անդրադարձան քաղաքի տնտեսական և մշակութային զարգացման առաջընթացին, կարևորելով տարբեր ոլորտների, հատկապես մշակութային և զբոսաշրջային լայն հեռանկարները:
Իր խոսքում Դիլիջանի համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը իր երախտագիտությունը արտահայտեց ՀՀ Կենտրոնական բանկի տնօրինությանը և «IdeA» հիմնադրամի համահիմնադիրներ, բարերարներ Ռուբեն Վարդանյանին և Գագիկ Ադիբեկյանին Դիլիջանում խոշոր բարեգործական ծրագրերի իրականացման համար:
Արմեն Սանթրոսյանը նաև գոհունակությամբ նշեց, որ «Մշակութային վերածնունդ» հանրապետական փառատոնը արդեն երրորդ տարին է, որ կազմակերպվում է Դիլիջանում և այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչ, «Մեդիա Օնիքս» ընկերության տնօրեն Մարիա Մինասյանին:
Տոնակատարությանը արժանին մատուցվեց հայոց անկախ պետականությանը, նրա 25-ամյա հոբելյանին:
Հնչեցին խիզախների անունները: Հարգանքի և մեծարանքի խոսքեր հնչեցին 90-ականների ազատամարտի նահատակների ու ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Վլադիմիր Ալիխանյանի ու հայրենիքի մյուս նվիրյալ զավակների մասին:
Միջոցառման ժյուրիի կողմից «Երախտագիտության» մրցանակ շնորհվեց ավագ լեյտենանտ, «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» և «Մարշալ Բաղրամյան» շքանշանների ասպետ Ռուբեն Սանամյանին:
Հարուստ էր միջոցառման գեղարվեստական ծրագիրը: Ներկաները մեծ բավականությամբ ունկնդրեցին Դիլիջանի արվեստի պետական քոլեջի, Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի պարի խմբի և մարզերից ժամանած գեղարվեստական խմբերի ելույթները: Հանդես եկան նաև սիրված երգիչներ Խաչիկ Ղազարյանը և Սամվել Ղասաբյանը:
Միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր –Վարդանյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչության պետ, զբոսաշրջության ոլորտի պատասխանատու Մեխակ Ապրեսյանը, վարչության պետ Աշոտ Գիլոյանը և այլ պաշտոնատար անձինք: