Սեպտեմբերի 23-ին Խաչարձանում տոնական միջոցառումներ էին, նվիրված բարեգործական ծրագրերի իրականացմանը: Ավարտվել էին դպրոցի մարզադահլիճի ու խմելու ջրի համակարգի և վարչական շենքի բակում «Հավատքի պուրակի» կառուցման աշխատանքները: Ծրագրերը իրականացվել են արգենտինահայ բարերարներ Կալչյան և Թերզյան ընտանիքների Սարգիս Արնակի կողմից :
Թերզյան ամուսինների կողմից դպրոցի մարզադահլիճի բարեգործական ծրագիրը իրականացվել է ի հիշատակ իրենց վաղամեռիկ դստեր՝ Մարիի: Արգենտինահայ բարեգործները բացի այս խոշոր ծրագրերից, նախորդ տարիներին վերանորոգել են դպրոցի շենքը, կառուցել են բուժկետ ու համայնքին նվիրել միկրոավտոբուս:
Միջոցառումը մեկնարկեց վարչական շենքի բակում՝ խաչքարի օծման և մկրտության արարողությամբ: Ծիսական արարողությունները իրականացվում էին Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ: Կատարվեց հուշաղբյուրի հանդիսավոր բացում, որին հաջորդեցին հանդիսությունները դպրոցի տարածքում՝ նվիրված մարզադահլիճի բացմանը:
Ներկաներին ողջունեցին և արգենտինահայ բարեգործներին իրենց երախտագիտությունն արտահայտեցին Տավուշի մարզպետի տեղակալ Լյովա Սարգսյանը, Դիլիջանի համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, համայնքապետարանի վարչական ներկայացուցիչ, նախկին գյուղապետ Գագիկ Շահնազարյանը և դպրոցի տնօրեն Լյովա Բադալյանը:
Բարեգործների հետ Խաչարձան էին ժամանել նաև Արգենտինայից ու ԱՄՆ-ից 50 սփյուռքահայեր:
Հանդիսությունների ընթացքում ելույթ ունեցան բարեգործներ Թերզյան ամուսինները և Սարգիս Անակը, որոնք պատրաստակամություն հայտնեցին կրկին իրենց աջակցությունը ցուցաբերել մայր հայրենիքին, Խաչարձանին և այլ բնակավայրերին:
Դպրոցականները հյուրերին դիմավորեցին երգ ու պարով, իսկ անհատական մարզաձևի խմբակի սաները ցուցադրեցին իրենց մարտական հմտությունները:
Միջոցառումներին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի և Դիլիջանի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, հանրապետական, մարզային և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: